Saturday 31 January 2015

Սասնա Ծռեր

Սասնա բարբարոս ժողովուրդն իր հերոսների մեջ զարմանալի քնքուշ զգացմունքներ է դրել:

Այստեղ չենք կարող չհիշել Փոքր Մհերի երգը ծնողների գերեզմանին: Դրանք տարբեր պատումներում տարբեր են, սովորաբար դրանք դիմում են մահացած ծնողներին, երբ վերջիններս խորհուրդ են տալիս Մհերին գնալ փակվել Ագռավու քարում: Որդիծնող կապը նահապետական հասարակության բարձրագույն արժեքներից էր: Փոքր Մհերի երգում այդ կապը արտահայտվում է ամենասրտագին ձևով:

Այս նույն շարքում պետք է դիտել և հերոսների սերը: Խանդութի ինքնասպանությունը մեր էպոսի ամենանշանակալից դրվագներից մեկն է: Ահա Խանդութ Խանումը իր կյանքը առանց Դավթի չի պատկերացնում, և նրա սերն այնքան խորն է, որ Դավթի դին տեսնելով՝ նա իրեն ցած է նետում բարձունքից:

Իհարկե, խնդիրը չպետք է պարզեցնել, Սասնա հերոսները սենտիմենտալ պատանիներ կամ նոր ժամանակների պացիֆիստներ չեն, այլ միջնադարյան էպիկական հերոսներ, որոնք կռվում են, արյուն թափում, կոտորում են թշնամական զանգվածները: Բայց հենց այս իրողության ֆոնին Դավթի և մյուսների կարեկից, սրտագին վերաբերմունքը դեպի հարազատները, դեպի ուրիշները, դեպի մարդիկ առհասարակ շատ է աչքի ընկնում:

Այսպես թե այնպես, հայկական էպոսում հերոսի հոգևոր աշխարհի այս կողմերը շատ են ընդգծվում, դրանք տարածվում են ոչ միայն մարդկանց, այլև մյուս ենդանի արարածների, բնության վրա:

Դառնանք նորից Սանասարին և Բաղդասարին: Պատումներից մեկում եղբայրները գնում են վիշապի դեմ կռիվ: Իրենց հետ տանում են հսկայական ջաղացքարեր իբրև զենք:

Սանասարը մտահոգված է ‹խայերի›, այսինքն՝ այն գյուղացիների վիճակող, որոնցից քարերը վերցրել են: ‹Խայեր մեղք են›, սա շատ մարդկային զգացմունք է, և հսկա Սանասարը պետք է որ շատ զգայուն սիրտ ունենար անծանոթ մարդկանց այսպես վերաբերվելու համար:

Վերջապես, Սասնա հերոսների և մանավանդ Դավթի կերպարների զգացմունքային բնութագիրը հարստանում է բնության և կենդնաիների նկատմամբ նրանց վերաբերմունքի արտացոլումներով: Էպոսի ուժեղագույն քնարական հատվածներից է Դավթի հրաժեշտի երգը Մըսրա Մելիքի հետ կռվի գնալուց առաջ:

Անսովոր գիծ է սա էպիկական հերոսի համար, որը կարող էր մարտահրավեր նետել նաև բնության ուժերին:

Այս բոլորից հետո բնական ու հասանալի է դառնում Դավթի վերաբերմունքը կենդանիների նկատմամբ:

Պատումների միա մասում Մելիքը, իսկ մյուսում՝ Մեծ Մհերը, պարսպապատել են Ծովասարը և որսի համար ասյնտեղ փակել վայրի կենդանիների: Դավթի առաջին գործերից մեկը լինում է այդ պարիսպը վերացնելը: Ընդ որում, Դավթի այդ արարքի մեջ հստակորեն տեսանելի են և ասպետությունը, և կարեկցանքի զգացումը, որոնք, իհարկե, լրացնում են մեկը մյուսին:

‹Խոգին›, կյանքը սրբազան է և խորհրդավոր, և ժողովրդական պատկերացումները պահանջում են երկյուղածություն և հարգանք նրա նկատմամբ: Ահա թե ինչու Դավիթը իր դյուցազնական ուժի բարձունքից կենդանիներին խղճում է այնպես, ինչպես մարդկանց:

Այսպիսով, Սասնա հերոսները, լինելով վճռական գործողությունների և արարքների մարդիկ, միաժամանակ ունեն ուժեղ զգացմունքներով և հաստատուն բարոյական զգացմունքներով բնութարվող հոգևոր աշխարհ:

Էպոսի դրական հերոսները լավագույն մարդն է, և նրանից լավ մարդ էպոսի չի պատկերացնում ու չի տեսնում: Սանասարը, Մեծ Մհերը և հատկապես Դավիթը իրենց մեջ մարմնավորում են  ոչ միայ նեղ իմաստով էպիկական, այլև ընդհանրապես մարդկային բարձրագույն առաքինությունները:

Փոքր Մհերի Կերպարը

Կարող է տարօրինակ թվալ, որ Սասնա հերոսներից վերջինի՝ Փոքր Մհերի կերպարը առանձնացվում է մյուսներից: Բայց Փոքր Մհերը սկզբունքորեն տարբերվու է իր նախորդներից, նա իսկապես իսկապես առանձնահատուկ տեղ է գրավում Սասնա հերոսների շարքում:

Մհերի տարբերությունները սկսվում են հենց ծնունդից: Պատումների մի մասում ծնվում է բուռը խփած, իսկ բռի մեջ մի կաթ արյուն:

Փոքր Մհերի բռի մեջ եղած այդ մի պուտ արյունը որոշակիորեն ակնարկում է Մհերի զարմանալի արաքները, որոնք, դժբատաբար, իսկապես ծատ են կապված արյան հետ: Ոչ երկվորյակ եղբայրները, ոչ Մեծ Մհերը, ոչ էլ Դավիթն արյան հետ այդքան ուղղակի կապ չունեն: Սասնա մյուս հերոսները երբեք իրենց նախաձեռնությամբ արյուն չեն թափում և որևէ մեկի վրա կռիվ չեն գնում: Ուժի ցուցադրությունը նրանց համար բնորոշ գիծ չէր: Այլ է Փոքր Մհերը:

Նյութը վերցվել է Ազատ Եղիազարյանի ‹Սասնա Ծռեր› էպոսի պոետիկան› գրքից:

No comments:

Post a Comment